38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե ՀՀԿ-ն առաջիկայում էլ շեղումներ շատ ունենա, ես կհռչակեմ Ազգային պահպանողական կուսակցության ծնունդը»

«Եթե ՀՀԿ-ն առաջիկայում էլ շեղումներ շատ ունենա, ես կհռչակեմ Ազգային պահպանողական կուսակցության ծնունդը»
31.10.2008 | 00:00

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԻՄՆԱՐԿ ՉԷ»
Նոյեմբերի 3-ին լրանում է հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 11-րդ տարելիցը։ Ի՞նչ ջրեր են հոսել ՀՀԿ ակունքներում անցած տարիներից ի վեր։ Այս և այլ թեմաների շուրջ զրուցում ենք վաղամեռիկ քաղաքական գործչի այրու, ՀՀԿ անդամ ՀԱՍՄԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ։
-...Սարսափելի զուգադիպությամբ՝ Աշոտի ծննդյան և Անդրանիկ Մարգարյանի թաղման օրերը համընկել էին,- հիշում է տիկին Նավասարդյանը։- Հեռուստաեթերից ես կոչ արեցի հանրապետականներին՝ չկորցնել իրենց։ Մահը՝ մահ, բայց կյանքը շարունակվում է, և շատ գործեր կան անելու։ Ինքս անձամբ գործում եմ միայնակ՝ կուսակցության անունից, որովհետև ՀՀԿ-ի ծնունդն ինձ համար սեփական երեխայիս ծնունդի պես էր։ Երևի դա է պատճառը, որ այսօր էլ, երբ Աշոտի մահվանից ի վեր ոտք չեմ դրել ՀՀԿ գրասենյակ, այնուամենայնիվ, հրաշալի գիտակցում եմ՝ իրավունք չունեմ հեռանալու կուսակցության ակունքներից։ Եթե անգամ ցանկություն էլ ունենամ, միևնույն է, չեմ կարող։ Աստված կպատժի ինձ, թեև կուսակցությունները, իհարկե, Աստված չի ստեղծում, դրանք ընդամենը մարդկային խմբավորումներ են, որոնք պետք է կարողանան պահել երկիրը։ Աստծո առաջ մեղանչած չեմ լինի, եթե ասեմ, որ իմ կուսակցությունն աստվածային կուսակցություն էր։
-Անցյալով եք խոսում, ինչո՞ւ։
-Որովհետև ՀՀԿ-ն մեր ընտանիքում ստեղծվեց՝ իր մեջ ներառելով սիրո պտուղն ու ավանդույթները։ Շատ քաղաքական գործիչների կանայք բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ, իսկ Աշոտի համար ես եղել եմ թե՛ համախոհ, թե՛ ընդդիմություն։ Երբ Աշոտը վերադարձավ բանտից, չեք պատկերացնի՝ որքան ազնիվ ու բարի էր։ Զարմանալի է, բայց չարություն չկար մեջը։ Բոլորովին չկար։ Այ, հենց այդ պատճառով էլ ես միշտ վախեցել եմ նրա համար։ Բոլորին իր պես ազնիվ ու շիտակ էր պատկերացնում։ Այդպես էլ գնաց կյանքից՝ թողնելով անբիծ անուն։ Նրա մահից հետո շատ փոփոխություններ եղան ինչպես կուսակցության կանոնադրության ու ծրագրերի մեջ, այնպես էլ մարդկային փոխհարաբերություններում։ Այսօր հանրապետական են դառնում մարդիկ, որոնք կուսակցությունում տեղ չպետք է ունենային։ Առավել ևս՝ խորհրդարանում։
-«Պետական գործիչը պարտավոր է պաշտպանել ազգային, ոչ թե ինչ-որ հիմնարկի շահերը։ Հայրենիքը հիմնարկ չէ»,- ասում էր Աշոտ Նավասարդյանը։
-Իհարկե, հայրենիքը հիմնարկ չէ։ Միայն մեկ օրինակ բերեմ։ Հոկտեմբերի 30-ը քաղբանտարկյալի օրն է, բայց՝ ո՛չ Հայաստանում։ Եվ սա այն դեպքում, որ Հայաստանը, նույնիսկ խորհրդային տարիներին, ամենաշատ քաղբանտարկյալ ունեցող եղբայրական հանրապետություններից էր։ Ժամանակին որոշ փոխհատուցում էինք տալիս քաղբանտարկյալներին՝ վեց հազարական դրամ։ Շատերը հրաժարվեցին, վիրավորված էին զգում իրենց։ Օրինակ, Պարույր Հայրիկյանը երկու միլիոն գնահատեց իր տառապանքի գինը, Ազատ Արշակյանն ընդհանրապես հրաժարվեց (դե, թռչնաբուծական ֆերմա ուներ, այդ չնչին գումարն իրեն հարկավոր չէր), մի մասն էլ ուրախացավ այդ վեց հազարի համար։ Այսինքն, ըստ արժանվույն չգնահատեցինք նրանց։ Վերջերս հեռուստատեսությամբ լսեցի, որ հանրապետության նախագահը հերոսի կոչման արժանացած մարդկանց ընտանիքներին որոշակի գումար է տրամադրելու։ Ցանկալի կլիներ, որ քաղբանտարկյալներին կամ նրանց ընտանիքներին էլ դրամական օգնություն ցուցաբերվեր, գնահատվեր նրանց անցած ուղին, որովհետև այդ մարդիկ, ի վերջո, երկրին ու ազգին են ծառայել։ Այսօր նրանցից շատերի բերանում երկու ատամ էլ չկա, էլ չենք խոսում հագուկապի մասին։ Ազատություն, անկախություն բերողներին մենք իրավունք չունենք մոռանալու, հակառակ դեպքում` չենք հասկանա այդ թանկ հասկացությունների արժեքը։
-«Հաճոյախոսության մթնոլորտը տիրապետող է, համատարած։ Կուսակցությունները դուրս են եկել մրցույթի»։ Դարձյալ Աշոտի խոսքերն են։ Ինչպիսի՞ն կլիներ այսօրվա քաղաքական մթնոլորտը, եթե ինքը կենդանի լիներ։
-Մթնոլորտը, թերևս, նույնը կլիներ, բայց Աշոտն այսպիսի թիմ չէր ունենա։ Կուսակցության շատ ու շատ անդամներ այսօր տարբերություն չեն տեսնում Աշոտ Նավասարդյանի ու Վազգեն Սարգսյանի միջև, այնինչ պարտավոր են իմանալ՝ ո՞վ է ստեղծել կուսակցությունը, ո՞վ է շարժառիթը դարձել, ո՞ւմ օրոք հզորացավ այն։ Պատմությունը ճշմարտացի պետք է ներկայացնել ու այդպես էլ փոխանցել սերունդներին։
-Օրենսդիր և գործադիր իշխանության որ ոլորտն էլ նայում ես այսօր՝ հայր ու որդի են, քեռի ու եգան, մի խոսքով՝ խնամի-ծանոթ-բարեկամ։ Փաստորեն, իշխող դիրք գրավելու համար ազգակցական, հայրենակցական կապը մեզանում պարտադիր պայման է դարձել, հատկապես հանրապետական կուսակցությունում։
-Դուք ինձնից լավ գիտեք՝ ովքեր են վերևներում նստած։ Եթե Աշոտ Նավասարդյանի կինն ու զինակիցը հանրապետականի խորհրդի կազմում չկա, դա արդեն սխալ է։ Սխալ է, և ես Աստված եմ կանչում, որ կուսակցությունն այսուհետ ավելի մեծ շեղումներ թույլ չտա։ Վստահ եմ, որ շուտով կուսակցության շարքերը կզտվեն, ամեն ինչ կմաքրվի-կգնա, կմնան միայն իսկական նվիրյալները, գաղափարակիցները, ազգային շահը վեր դասող մարդիկ։ Ի սկզբանե ՀՀԿ-ն ցանկացել ենք անվանել Ազգային պահպանողական կուսակցություն, և եթե հանրապետականը շեղումներ շատ ունենա, ես կհռչակեմ Ազգային պահպանողական կուսակցության ծնունդը։ Ժամանակ եմ տալիս մինչև 2010 թվականը։ Կուսակցությունը պետք է ինքնազտման փշոտ ճանապարհն անցնի, պետք է հասկանա, որ փողը չէ քաղաքական որևէ ուժի գերխնդիրը, այլ ազգային գաղափարախոսությունը։ Ցավոք, հեռուստասերիալների «թեթև ձեռքով» այսօր մենք ապրում ենք Լատինական Ամերիկայում։ Հագնվում, նստում, համբուրվում ենք բրազիլացու պես։ Մեր վարք ու բարքով բրազիլացի ենք դարձել։ Հուսով եմ՝ սրա վերջն էլ կգա։
-Պայմանական ժամանակ ֆիքսեցիք՝ 2010-ը։ Կարծում եք՝ երկու-երեք տարում պատմական շրջադա՞րձ կլինի։
-Պատմական շրջադարձ, բնականաբար, չի լինի։ Սակայն երբ կուսակցության ներսում առաջնորդ է փոխվում, նրան առնվազն երեք տարի ժամանակ են տալիս, տեսնելու համար՝ կարողանալո՞ւ է երկիրը պահել։ Խոսքն, իհարկե, իշխող կուսակցության մասին է։ Օրինակ, եթե Աշոտը կենդանի լիներ, շատ-շատ բան կուսակցության ներսում և նրա շուրջն ուրիշ կլիներ։ Եթե Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը մնային, որոնք լուրջ քայլեր էին ձեռնարկում, դարձյալ ուրիշ կերպ կլիներ։ Նույնն էլ, եթե Անդրանիկ Մարգարյանը մնար։ Նա, ի դեպ, բարի, հանդուրժող մարդ էր, և հենց այդ հանդուրժողականությունն էլ պատճառ դարձավ, որ կուսակցություն խցկվեն մարդիկ, որոնք տեղ չունեին այնտեղ։ Չխցկվեին՝ Սերժ Սարգսյանին բաժին չէր ընկնի այնպիսի քաղաքական թիմ, որը մաքրել է հարկավոր, իսկ մաքրելու համար՝ ժամանակ։
-ՀՀԿ-ի հիմնադրի մահվան 11-րդ տարելիցի նախօրեին ի՞նչ կասեք նրա երբեմնի կուսակիցներին և նրանց, ովքեր նոր-նոր են դարձել հանրապետական։
-Կհարցնեի՝ ինչո՞ւ Աշոտը հավերժություն գնաց։ Լավ կլիներ, եթե յուրաքանչյուր հանրապետական իմանար սկիզբն ու վերջը ու հարց տար իրեն՝ ինչո՞ւ Աշոտը մեր կողքին չէ, ափսոսո՞ւմ ենք, արդյոք, դրա համար։ Նաև կհարցնեի՝ Աշոտ Նավասարդյանի և ՀՀԿ մյուս առաջնորդների անուններով կուսակցության գրասենյակում կա՞ գոնե մեկ սենյակ, որը ծառայեր որպես թանգարան։ Չկա՛։ ՈՒզում եմ հուսալ, որ իր հաջորդ հոբելյանին Աշոտը տուն-թանգարան կունենա, և եթե կուսակցությունը դա չանի, ես կանեմ։ Նույնիսկ եթե ստիպված լինեմ ծախելու մեր երեք աղջիկների օժիտի համար հավաքած գումարը։
Զրուցեց Մարի ՇԻՇՄԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4435

Մեկնաբանություններ